Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հանդիսատեսին գրավում է այն, ինչ փոխանցում ես քո երաժշտությամբ»

«Հանդիսատեսին գրավում է այն, ինչ փոխանցում ես  քո երաժշտությամբ»
13.03.2018 | 11:33

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և երիտասարդ ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հանդիսատեսի դատին հանձնեցին հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Ծրագրում՝ Բեռլիոզ, Միրզոյան, Ռավել և Ֆրանկ:
Որպես մենակատար, Սոֆյա Վարդանյանը առաջին անգամ հանդես է եկել 12 տարեկանում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան)` պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոնի շրջանակում: 2016-ին կատարել է Բախի Կրկնակի կոնցերտը ֆիլհարմոնիկի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
2017-ին, գերմանացի հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերի հրավերով, Սոֆյան մասնակցել է Մորիսբուրգի երաժշտական փառատոնին` արժանանալով գլխավոր մրցանակի՝ «20-րդ դարի կոմպոզիտորի ստեղծագործության կատարում» անվանակարգում: ՍՈՖՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրատեսի» հյուրն է:

-Սոֆյա, ի՞նչ կասեք համերգի մասին: Ինչո՞վ էր առանձնահատուկ այն Ձեզ համար:
-Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» ստեղծագործությունը նվիրված է պապիկիս` ջութակահար Հակոբ Վարդանյանին: Պապիկս և Էդվարդ Միրզոյանն ընկերներ են եղել և, կարելի է ասել, այս ստեղծագործությունը միասին են գրել, սկզբում գրվել է «Անընդհատ շարժումը», դա եղել է առանձին ստեղծագործություն, հետո որոշել են գրել առաջին մասը` «Ինտրոդուկցիան»: Ինձ համար առանձնահատուկ է այս ստեղծագործությունը, քանի որ պարզ երևում է պապիկիս ձեռագիրը թե՛ նոտաների բովանդակության առումով, թե՛ դրամատիզմի: Ամեն նոտայի մեջ մի մեծ գաղափար կա, ես մեծ հաճույքով եմ դա կատարում:
-Սովորել եք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2017-ից ուսանում եք Գերմանիայում (Detmold Musik Hochschule), մասնակցել եք մեծ թվով վարպետության դասերի. շա՞տ են տարբեր մեր և արտասահմանյան դպրոցները: Ի՞նչ են տալիս երաժշտին ուսումը արտերկրում, դրսի փորձը, առհասարակ:
-Ինձ համար կարևոր է ստանալ այն գիտելիքները, որ ցավոք այստեղ արդեն չկան: Խորհրդային շրջանում մենք շատ լավ դպրոց ենք ունեցել, հիմա քիչ բան է մնացել դրանից: Արտասահմանում դեռ շարունակում են այդ դպրոցի ավանդույթները: Դա է պատճառը, որ նախընտրում եմ ուսումս շարունակել արտերկրում:
-Ինչպիսի՞ն է երաժշտի աշխատանքային առօրյան, որքա՞ն եռանդ, ժամանակ, աշխատանք է պահանջվում հանդիսատեսին այն արդյունքը տալու համար, որ տեսնում ենք բեմում:
-Այդքան էական չէ՝ 24 ժամ ես պարապում, թե 100 ժամ: Իհարկե, շատ աշխատելը ցանկալի է, բայց ավելի կարևոր է գլխով պարապելը՝ լիովին ընկղմվելով նյութի մեջ:
-Երաժշտի համար առաջնային է լավ տեխնիկա՞ն:
-Տեխնիկան առաջին տեղում է, բայց հետո արդեն հանդիսատեսին գրավում է այն, ինչ փոխանցում ես քո երաժշտությամբ: Կարևոր է, որ ասելիքդ հասնի հանդիսատեսին:
-Համերգացանկը խոսու՞մ է երաժշտի մասին:
-Բնականաբար, կատարում ես այն, ինչ հոգեհարազատ է: Նախընտրած ստեղծագործությունը խոսում է երաժշտի հոգեվիճակի մասին, խառնվածքի, տեսակի:
-Կապ ունի՞, թե տվյալ երաժշտությունը կատարելիս երաժիշտն ինչ հոգեվիճակում է: Տրամադրությունը, բեմը, հանդիսատեսը ի՞նչ ազդեցություն ունեն երաժշտի վրա:
-Կապ չունի՝ ինչ հոգեվիճակում է երաժիշտը, նա պետք է միշտ առավելագույնս լավ ներկայանա, կապ չունի, թե ով է հանդիսատեսը՝ հարևանը, ընկերը, բեմը մեծ է, թե փոքր: Ավելին, կարող եմ ասել, որ երբ քիչ մարդ է լինում դահլիճում, պատասխանատվությունն ավելի մեծանում է, մանավանդ եթե ճանաչում ես այդ մարդկանց, չէ՞ որ դու առանձնահատուկ վերաբերմունք ունես ամեն մեկի նկատմամբ և ուզում ես հնարավորինս գոհացնել նրանց:
-Օտարերկրյա գործընկերներիդ հետ շփման ժամանակ նկատե՞լ ես՝ հայկական երաժշտությանը ծանո՞թ են, թե՞ հայտնություն է նրանց համար:
-Հիմնականում ծանոթ են Արամ Խաչատրյանի երաժշտությանը, Միրզոյանի, Բաբաջանյանի և մյուս կոմպոզիտորների մասին գրեթե չգիտեն:
-Իսկ հայ երաժշտարվեստին առնչվելիս ինչպե՞ս են արձագանքում:
-Հոգին, էներգիան, որ կա հայկական երաժշտության մեջ, անծանոթ է, տարբերվող, կարող եմ ասել, որ հիացմունքի է արժանանում:
-Հիացնում է, բայց տեղ չի գտնում օտարերկրյա երաժիշտների համերգացանկում, շարունակում է մնալ քիչ ճանաչելի: Ի՞նչն է պատճառը, մտածե՞լ եք այդ մասին:
-Մտածել եմ, հավանաբար, պետք է շատ ներկայացվի, շատ պրոպագանդվի:
-Ելույթներ եք ունեցել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի կամերային երաժշտության համերգներում: Ի՞նչ կասեք Երևանյան երաժշտական փառատոնի մասին, հանդիսատեսի շրջանում կա՞ հետաքրքրություն:
-Երևանյան երաժշտական փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում, հատկապես կոնսերվատորիայի ուսանողներն ակտիվորեն հաճախում են, ունկնդրում, քանի որ այդ փառատոնը համերգների միջոցով դասական երաժշտությանն առնչվելու յուրահատուկ հարթակ է:
-Սոֆյա, ավելի բարդ է որպես մենակատա՞ր հանդես գալը, թե՞ անսամբլի հետ:
-Երկու դեպքում էլ սովորելու շատ բան կա: Երբ մենակատար ես, ինքդ քեզ ես լսում, քեզ վրա աշխատում: Անսամբլայինը ավելի բարդ է, աշխատում ես ուրիշների հետ՝ ուրիշներին լսելով: Միասնական աշխատանք է: Պիտի կարողանաս համաձայնության գալ՝ ոչ միայն քո կարծիքը ասել, այլև լսել դիմացինին:
-Ի՞նչ կասեք ծրագրերի մասին:
-Նպատակ ունեմ հնարավորինս շատ ելույթներ ունենալու, մրցույթների մասնակցելու: Առայժմ այսքանը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ